Հայաստան / Տեսարժան վայրեր


Հայաստանը հարուստ է հինավուրց եկեղեցիներով և խաչքարերով, պատմամշակութային կոթողներով, թանգարաններով և այլ տեսարժան վայրերով: Այս էջում նկարների և համառոտ տեղեկությունների միջոցով կարող եք “շրջագայություն” կատարել Հայաստանի տեսարժան վայրերով և ընտրել այն վայրերը, որոնցում կցանկանաք լինել` Հայաստանում գտնվելիս:

Ամբերդ ամրոց

Միջնադարյան Հայաստանի ամրոցաշինության սկզբունքային գծերն իրենց վառ արտահայտությունն են գտել այս ամրոցում: Կառուցված լինելով բնականորեն լավ պաշտպանված բարձունքի վրա` Ամբերդը երկար ժամանակ ծառայել է որպես ռազմական կարեւոր հենակետ: Աշխարհիկ նշանակություն ունեցող այս ամրոցի բաղկացուցիչ մասն է հանդիսանում 1026 թ. Վահրամ Պահլավունու կողմից կառուցված եկեղեցին:

Քարտեզի վրա 60 կմ Երևանի կենտրոնից
Վայր՝ Արագածոտն

Այբուբենի հուշարձան

Գտնվում է Արտաշավան գյուղում, Արագած լեռան արևելյան լանջին: Այն կառուցվել է 2005թ.-ին հայոց գրերի ստեղծման 1600 ամյակի առթիվ` հայտնի ճարտարապետ Ջիմ Թորոսյանի նախագծով: Հուշարձանն իրենից ներկայացնում է հայոց այբուբենի 39 զարդաքանդակ տառերը: Հայոց գրերը ստեղծվել են 405-406 թթ.-ին և մինչ օրս օգտագործվում են հայոց լեզուն գրավոր ներկայացնելու համար: Այն մշակվել է լեզվաբան եւ եկեղեցական առաջնորդ Մեսրոպ Մաշտոցի կողմից, որպեսզի Աստվածաշունչը հասանելի դառնա հայերի համար և տարածվի Քրիստոնեությունը: Մաշտոցյան այբուբենը ի սկզբանե բաղկացած էր 36 տառերից, որը ամբողջացվել է Միջին Դարերում:

Քարտեզի վրա 35 կմ Երևանի կենտրոնից
Վայր՝ Արագածոտն

Արագած լեռ

Հայաստանի Հանրապետության ամենաբարձր կետը Արագած լեռն է (4095 մ): Քառագագաթ այս հսկան լեռնագնացների ամենասիրած լեռն է եւ ամեն տարի դեպի իր բարձունքներն է գրավում բազմաթիվ արկածասերների: Դեպի հարավային գագաթ տանող ճանապարհին լավագույն հանգրվանը Քարի լիճն է, որը գտնվում է 3250 մ բարձրության վրա: Առանձնապես դյութիչ տեսարան է բացվում ամենավերեւից: Մի կողմից ուրվագծվում են կանաչ հովիտները, կողքից սպիտակին է տալիս հավերժական ձյունը, մի այլ տեղում արծաթազօծվում են Արագածի բազմաթիվ մեծ ու փոքր լճերը, իսկ հեռու մշուշում Արարատյան դաշտի եզրին վեր է հառնում Բիբլիական Արարատը:

Քարտեզի վրա 70 կմ Երևանի կենտրոնից
Վայր՝ Արագածոտն

Արենի

Արենի գյուղը գտնվում է Վայոց Ձորի մարզում: Արեւաշատ այս գյուղը հայտնի է գինիների լավագույն տեսականիներով: Յուրահատուկ բուրմունքով ու նուրբ համով «Արենի» գինին իր պատվավոր տեղն ունի հայկական ամենահարգի գինիների շարքում: Գյուղի գինու գործարան այցելությունը լավագույնս կապացուցի վերը նշվածը: Արենիում է գտնվում նաեւ տաղանդաշատ Մոմիկի կառուցած Սբ. Աստվածածին եկեղեցին:

Քարտեզի վրա 111 կմ Երևանի կենտրոնից
Վայր՝ Վայոց ձոր

Գառնի տաճար

Եռանկյունաձեւ հրվանդանի վրա վեր խոյացող Գառնու տաճարը հայ հեթանոսական մշակույթից պահպանված եզակի օրինակն է: Տաճարը հունա-հռոմեական եւ հայկական ոճերի միացման ծնունդ է: Այն կառուցվել է մ. թ. առաջին դարում` Տրդատ Առաջինի հրամանով եւ նվիրվել է արեւի աստված Միհրին: Հայաստանում քրիստոնեությունն ընդունելուց հետո երբեմնի հեթանոսական տաճարը վերածվում է արքաների ամառային նստավայրի: Այսօր էլ տաճարի շրջակայքում կարելի է տեսնել ամրոցի եւ արքայական պալտների այլ ավերակները, ինչպես նաեւ մեծ հետաքրքրություն առաջացնող թագավորական բաղնիքը` հատակի գունավոր խճանկարով:

Քարտեզի վրա 30 կմ Երևանի կենտրոնից
Վայր՝ Կոտայք

Գեղարդ

Գառնիից 9 կմ հեռավորության վրա, Ազատ գետի ափին է գտնվում 13-րդ դարի հայ ճարտարապետության անգերազանցելի գլուխգործոցը` Գեղարդը: Համալիրի բաղկացուցիչ մաս կազմող եկեղեցիները եւ վանական խցերը մեծ վարպետությամբ փորված են հսկայածավալ ժայռաբեկորի մեջ: Ի սկզբանե վանքային համալիրը կոչվում էր Այրիվանք, իսկ հետագայում ստանում է Գեղարդ անունը` ի հիշատակ այնտեղ պահվող Գեղարդի, որով ըստ ավանդության հռոմեացի զինվորը խոցել էր Քրիստոսի կողը: Գեղարդավանքը հարուստ է նրբակերտ զարդաքանդակներով եւ բարձրարվեստ խաչքարերով:

Քարտեզի վրա 37 կմ Երևանի կենտրոնից
Վայր՝ Կոտայք

Գյումրի

Հայաստանի հյուսիս-արեւմուտքում, Շիրակի դաշտավայրի կենտրոնում, Երեւանից 126 կմ հեռավորության վրա է գտնվում Հայաստանի ամենակոլորիտային քաղաքը` Գյումրին: Շատ խորն են այստեղ ազգային ավանդույթները, ազգային ոգին իր արտահայտությունն է գտել գրեթե ամեն ինչում: Գյումրվա հին փողոցներով քայլելիս դեռեւս թվում է, թե լսվում է դարբինների մուրճերի ձայնը, թվում է, թե փողոցի անկյունից ուր որ է կհայտնվի ֆայտոնը ու ֆայտոնչին իր բամբ ձայնով կհրավիրի շրջել քաղաքի փողոցներով: Քաղաքի բարձր ճարտարապետության մասին են խոսում, բնակելի հին տները, որոնց մեծ մասը բարեբախտաբար դիմացան սարսափելի երկրաշարժին: Այս տներն աչքի են ընկնում ճարտարապետական մանրամասների հոյակապ իրականացմամբ, բազմերանգ տուֆի գունային համադրություններով, պատշգամբների փայտե բարձրարվեստ զարդաքանդակներով: Գյումրին` ի սկզբանե եղել է մշակութային իրադարձությունների կենտրոնում, որտեղ առաջին անգամ բեմադրվել Արմեն Տիգրանյանի ժողովրդական “Անուշ” օպերան:

Քարտեզի վրա 125 կմ Երևանի կենտրոնից
Վայր՝ Շիրակ

Գոշավանք

Գոշավանքը հիմնադրել է միջնադարի նշանավոր հոգեւոր գիտնական, առակագիր եւ իրավագետ Մխիթար Գոշը: Վանքային համալիրը բաղկացած է մի քանի եկեղեցական եւ աշխարհիկ կառույցներից: Այս խմբի զարդն է կազմում Ս. Լուսավորիչ եկեղեցու մուտքի մոտ տեղադրված մեծատաղանդ Պողոս վարպետի կողմից 1291թ. կերտված անզուգական խաչքարը: Գոշավանքը եղել է միջնադարի հոգեւոր մշակույթի եւ գրչության ամենահայտնի կենտրոններից մեկը Հայաստանում: Պատմական աղբյուրներում այն հիշատակվում է որպես վարժարան, համալսարան, ուր ստեղծվել ու պահվել են բազմաթիվ ձեռագրեր:

Քարտեզի վրա 120 կմ Երևանի կենտրոնից
Վայր՝ Տավուշ

Գորիս

Սյունիքի մարզի գլխավոր քաղաքներից մեկը Գորիսն է: Այս այգի-քաղաքը` չնայած տեղանքի խիստ թեքվածությանը եւ ձորակներով կտրտված լինելուն ունի շատ օրինակելի հատակագիծ: Քաղաքը շրջապատված է կանաչապատ ու անտառածածկ լեռներով, որոնց կողքին դեպի երկինք են խոյանում յուրօրինակ բրգաձեւ ժայռերը: Շնորհիվ իր բնության արտառոցության` Գորիսը համարվում է Զանգեզուրի գեղեցկուհին:

Քարտեզի վրա 240 կմ Երևանի կենտրոնից
Վայր՝ Սունիք

Դիլիջան

Դիլիջանը մարդկանց գրավում է իր անզուգական բնությամբ եւ մեղմ կլիմայով: Գտնվում է Աղստեւ գետի ափին եւ հայտնի է որպես առողջարանային քաղաք: Տաք արեւը, անտառային թարմ օդը եւ հանքային ջուրը բուժական մեծ ազդեցություն են թողնում: Դիլիջանը հարուստ է պատմամշակութային բազմաթիվ կառույցներով:

Քարտեզի վրա 100 կմ Երևանի կենտրոնից
Վայր՝ Տավուշ

Դսեղ

Դսեղ գյուղը գտնվում է Լոռու մարզում, որը վերանվանվել է “Թումանյան”` այդ գյուղում ծնված “Ամենայն հայոց բանաստեղծ” Հովհաննես Թումանյանի անունով: Հայտնի բանաստեղծը առանձնահատուկ դեր է խաղացել հայ ժողովրդի հոգևոր կյանքում: Տունը, որտեղ ապրել և ստեղծագործել է մեծանուն բանաստեղծը, այժմ տուն-թանգարան է, որը գործում է 1953թ.-ից: Հիմնադիրը և առաջին տնօրենը բանաստեղծի աղջիկն էր: Թանգարանը գտնվում է գեղեցիկ պարտեզում, որտեղ բանաստեղծի արձանն ասես ողջունում է այցելուներին: Բանաստեղծի կյանքը և գործունեությունը լուսաբանող անձնական իրերը ցուցադրված են թանգարանում: Թանգարանում է գտնվում նաև 8000 կտորից բաղկացած անձնական գրադարանը` նվիրված Կովկասի և Հայաստանի ուսումնասիրություններին, կրոնին, մշակույթին, պատմությանը և տարբեր ազգերի ժողովրդական բանահյուսությանը:

Քարտեզի վրա 144 կմ Երևանի կենտրոնից
Վայր՝ Լոռի

Երերույք

Հայաստանում վաղ շրջանի եկեղեցիներն ունեն միանավ, կամ եռանավ բազիլիկ կառուցվածք: 5-րդ դարի եկեղեցական ճարտարապետության մեջ հատուկ տեղ ունի Երերույքը, քանի որ հանդիսանում է եռանավ բազիլիկի դասական օրինակ: Այն քրիստոնեական վաղ շրջանի ճարտարպետության նվաճումներից է եւ իր մեջ ամփոփում է հայկական ճարտարապետության ծագման ու կազմավորման հետ կապված բազում հարցերի պատասխաններ: Գտնվում է Ախուրյան գետի մոտ, Անիպեմզա գյուղում:

Քարտեզի վրա 105 կմ Երևանի կենտրոնից
Վայր՝ Շիրակ

Զվարթնոց տաճար

Անձեռակերտ այս տաճարը Հայաստանի 7-րդ դարի ճարտարապետների հմտության եւ խիզախ մտահղացման արգասիքն է: Եռահարկ այս շինությունը կառուցված լինելով ընդամենը մի քանի սյուների վրա` 3 դար շարունակ կանգուն է եղել: Երբ 20-րդ դարի սկզբին կատարած պեղումների արդյունքում հայտնի ճարտարապետ Թորոս Թորամանյանը ներկայացրեց Զվարթնոցի վերականգնման մոդելը, շատ քչերը կարողացան այն ընդունել, քանի որ դժվար էր հավատալ, որ 7-րդ դարում հնարավոր էր կառուցել նման շինություն: Եվ հենց այդ ժամանակ էր, որ Փարիզի Սեն Շապել եկեղեցու բարձրաքանդակներից մեկն ապացուցեց ճարտարապետի տարբերակը` բարձրաքանդակը պատկերում է Զվարթնոցը` Նոյան տապանի հետ եւ այն ճիշտ Թորամանյանի մոդելի տեսքն ունի:

Քարտեզի վրա 20 կմ Երևանի կենտրոնից
Վայր՝ Արմավիր

Էջմիածնի գանձեր

“Էջմիածնի գանձեր” թանգարանը գտնվում է Մայր տաճարի հարավ – արեւելյան հատվածում: Թանգարանում ներկայացված են եզակի սուրբ մասունքներ: Բազմաթիվ գանձերից են Սուրբ Գեղարդը (տեղադրված արծաթե մասնատուփի մեջ), որը խոցել է Քրիստոսի կողը; Նոյան Տապանի մասունքները (նույնպես տեղադրված մասնատուփում), որն էլ ստեղծվել է 1698թ.-ին, ինչպես նաև արվեստի այլ արժեքավոր նմուշներ:
Պատմության համաձայն` Նոյան Տապանի մասունքները տրվել են սուրբ Հակոբ Մծբնա հայրապետին IV դարում, քանի որ նա ցանկանում էր բարձրանալ Արարատ լեռան գագաթը, որպեսզի գտներ Նոյան Տապանը: Լեռը բարձրանալուց հետո նա Բարձրյալի ազդեցության ներքո քուն է մտնում, իսկ Տիրոջ հրեշտակը Տապանի մասնատուփը դնում է նրա գլխի տակ: Երազում, հրեշտակը հորդորում է սուրբ Հակոբին արթնանալ, վերցնել մասունքը և իջնել լեռան գագաթից: Բացի ցուցադրված մասունքներից, Սուրբ Զոհասեղանի վերականգնման ընթացքում արված հնագիտական պեղումների ժամանակ գտնվել են սուրբ Գրիգոր Լուսավորչի կողմից հիմնադրված բուն Զոհասեղանի մնացորդները` թվագրված մեր թվարկության 301-303թթ:

Քարտեզի վրա 22 կմ Երևանի կենտրոնից
Վայր՝ Արմավիր

Էջմիածնի Մայր տաճար

Երեւանից 20 կմ հեռավորության վրա է գտնվում Հայ Առաքելական եկեղեցու կենտրոնը` Էջմիածինը: Էջմիածնի Մայր Տաճարը հիմնադրվել է 4-րդ դարի սկզբին եւ աշխարհի հնագույն եկեղեցիներից է: Ըստ ավանդության եկեղեցին կառուցվել է այն տեղում, որտեղ մատնանշել է Գրիգոր Լուսավորչի երազում հայտնված Աստծո Որդին: Այստեղից էլ առաջացել է Էջմիածին անունը: Եկեղեցու պատերը ներսից ամբողջովին զարդարված են Հովնաթանյան ընտանիքի նկարիչների բարձրարվեստ որմնանկարներով: Մայր Տաճարի հարակից տարածքում են գտնվում նաեւ կաթողիկոսի նստավայրն ու հոգեւոր ճեմարանը:

Քարտեզի վրա 22 կմ Երևանի կենտրոնից
Վայր՝ Արմավիր

Էրեբունի թանգարան-ամրոց

Էրեբունի ամրոցը գտնվում է Արին Բերդ կոչվող բլրի վրա: Այն կառուցվել է մ. թ. ա. 782 թ. ուրարտական թագավոր Արգիշտի Առաջինի կողմից: 19-րդ դարում սկսվեցին բլրի պեղումները, որոնց ընթացքում հայտնաբերվեց այն սեպագիր արձանագրությունը, ըստ որի այժմյան Երեւանի պատմությունը սկսվում է հենց այստեղից: Բլրի գագաթին գտնվող ամրոցի ավերակներն ու որմնանկարները խոսում են այդ հեռավոր դարերի բարձր գեղարվեստական նվաճումների մասին: Բլրի ստորոտին է գտնվում թանգարանը, որը ցուցադրում է պեղումների ընթացքում հայտնաբերված գտածոները:

Քարտեզի վրա 7 կմ Երևանի կենտրոնից
Վայր՝ Երևան

Խոր Վիրապ

Խոր Վիրապը գտնվում է Արարատի մարզում: Այն Հայաստանում ամենահայտնի սրբավայրն է, քանի որ ուղղակիորեն կապված է այստեղ քրիստոնեության տարածման պատմության հետ: Հայաստանում քրիստոնեությունը որպես պետական կրոն հռչակվեց 301թ.`շնորհիվ Գրիգոր Լուսավորչի ջանքերի: Սակայն մինչ Տրդատ 3-րդ թագավորին հավատափոխ անելը` Լուսավորիչը բանտարկված է եղել ներկայիս Խոր Վիրապ վանքային համալիրի տարածքում գտնվող զնդանում: 17-րդ դարում կառուցված վանքային համալիրից բացվում է աննկարագրելի մի տեսարան դեպի Աստվածաշնչյան Արարատ լեռը:

Քարտեզի վրա 45 կմ Երևանի կենտրոնից
Վայր՝ Արարատ

Ծաղկաձոր

Ծաղկաձոր քաղաքը («Ծաղիկների ձոր») համարվում է Հայաստանի ամենահայտնի եւ հյուրընկալ վայրերից մեկը: Սա մեր լեռնային երկրի փոքրիկ այն այնկյուններից է, ուր բնության գեղեցկությունն ի հայտ է գալիս իր ամբողջ բազմազանությամբ:
Ծաղկաձորը գտնվում է Կոտայքի մարզում, Երեւանից 50 կմ դեպի հյուսիս, Տեղենիս սարի արեւմտյան լանջին, եւ շրջապատված է կուսական անտառներով ու ալպիական մարգագետիններով:

Քարտեզի վրա 60 կմ Երևանի կենտրոնից
Վայր՝ Կոտայք

Ծաղկաձոր

Ծիծեռնակաբերդի բլրի բարձունքին վեր է խոյանում 1915 թ. Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիրը: Ամեն տարի, ապրիլի 24-ին բազմաթիվ հայեր Հայաստանից, սփյուռքից, ինչպես նաեւ օտարերկրացիներ հավաքվում են այստեղ` լռությամբ իրենց հարգանքի տուրքը մատուցելու անմեղ զոհերի հիշատակին: Համալիրի բաղկացուցիչ մասն են կազմում 40 մետր բարձրությամբ վեր խոյացող կոթողը` որպես հայ ժողովրդի վերածննդի ու խաղաղության խորհրդանիշ եւ դամբարանը` զոհերի հիշատակը խորհրդանշող անմար կրակով:

Քարտեզի վրա 5 կմ Երևանի կենտրոնից
Վայր՝ Երևան

Կարմրավոր

Կարմրավոր եկեղեցին իր փոքրածավալությամբ եւ ճարտարապետական նրբաճաշակ մտահղացմամբ հիշեցնում է միաձույլ կոթող: Կառուցված լինելով 7-րդ դարում` այն գրեթե անվնաս հասել է մեր օրերը: Ունի արտաքուստ եւ ներքուստ խաչաձեւ հատակագիծ:

Քարտեզի վրա 22 կմ Երևանի կենտրոնից
Վայր՝ Արագածոտն

Կեչառիս

Կեչառիսը գտնվում է Ծաղկաձորի հյուսիս-արեւմտյան մասում: Կառուցվել է 11-13-րդ դարերում: Վանքային համալիրը բաղկացած է չորս եկեղեցիներից, ինչպես նաեւ միջնադարյան քաղաքական գործիչ, վանքի հիմնադիր Գրիգոր Մագիստրոս Պահլավունու այժմ արդեն կիսավեր դամբարանից:

Քարտեզի վրա 57 կմ Երևանի կենտրոնից
Վայր՝ Կոտայք

Հաղարծին

Կեչառիսը գտնվում է Ծաղկաձորի հյուսիս-արեւմտյան մասում: Կառուցվել է 11-13-րդ դարերում: Վանքային համալիրը բաղկացած է չորս եկեղեցիներից, ինչպես նաեւ միջնադարյան քաղաքական գործիչ, վանքի հիմնադիր Գրիգոր Մագիստրոս Պահլավունու այժմ արդեն կիսավեր դամբարանից:

Քարտեզի վրա 110 կմ Երևանի կենտրոնից
Վայր՝ Տավուշ

Հաղպատ

Սանահինից ոչ շատ հեռու գտնվող եկեղեցական այս համալիրն իր որոշակի տեղն ունի հայ ժողովրդի պատմա-մշակութային կյանքում: Այն կառուցվել է Աշոտ Երրորդ Բագրատունու իշխանության տարիներին: Հաղպատի գրատանը տարիներ շարունակ գրվել ու մանրանկարազարդվել են բազմաթիվ մագաղաթներ: 18-րդ դարում այստեղ էր ապրում եւ ստեղծագործում հայտնի բանաստեղծ, աշուղ Սայաթ-Նովան: Իր յուրօրինակ ճարտարապետական մտահղացմամբ հիացնում է Հաղպատի զանգակատունը:

Քարտեզի վրա 170 կմ Երևանի կենտրոնից
Վայր՝ Լոռի

Հայրավանք

Հայրավանքի եկեղեցին կառուցված է Սեւանա լճի ափին` մի բարձրադիր ժայռաբեկորի վրա: Եկեղեցու վերաբերյալ ճշգրիտ թվագրություն չի պահպանվել, սակայն, ըստ իր կառուցողական լուծումների, այն դասվում է 9-րդ դարի ճարտարապետական կոթողների շարքը: Այս գողտրիկ եկեղեցին կառուցված է կոպտատաշ քարերով եւ արտաքինից ունի պարզ տեսք:

Քարտեզի վրա 100 կմ Երևանի կենտրոնից
Վայր՝ Գեղարքունիք

Հառիճավանք

Արագած լեռան արեւմտյան ստորոտին, ժայռոտ հրվանդանի վրա է գտնվում Հառիճավանքը: Ըստ հետազոտողների ենթադրության, այն հիմնադրվել է 7-րդ դարում: 13-րդ դարում կառուցվում են համլիրի գլխավոր եկեղեցին ու գավիթը: 19-րդ դարում վանքը դառնում է կաթողիկոսների ամառային նստավայր: Առանձնապես հետաքրքրություն է առաջացնում վանքային համալիրից ոչ շատ հեռու գտնվող, փոքրիկ մատուռը` կառուցված մի ժայռաբեկորի վրա, որը երկրաշարժի ժամանակ առանձնացել է ընդհանուր ժայռազանգվածից եւ թեք վիճակում, գրեթե անվնաս հասել է մեր օրերը:

Քարտեզի վրա 100 կմ Երևանի կենտրոնից
Վայր՝ Շիրակ

Հովհանավանք

Հովհանավանքը գտնվում է Աշտարակի համանուն գյուղում: Այն կրում է Հովհաննես Մկրտչի անունը: Ամենահին կառույցն այստեղ միանավ բազիլիկն է, որը թվագրվում է 5-րդ դարով: Հետագա կառուցապատումը կատարվել է 13-րդ դարում` Վաչուտյան իշխանների հովհանվորությամբ: Հետաքրքիր է գլխավոր եկեղեցու բարավորի ավետարանական թեմայով զարդաքանդակը:

Քարտեզի վրա 26 կմ Երևանի կենտրոնից
Վայր՝ Արագածոտն

Մակարավանք

Տավուշի մարզում է գտնվում հայ միջնադարյան եզակի կոթողներից մեկը` Մակարավանքը: Վանքային համալիրը բաղկացած է երեք եկեղեցիներից, միաբանության բնակելի եւ օժանդակ շենքերից: Այստեղ ճարտարապետական բարդ լուծումների կողքին իրենց բարձրարվեստ մշակմամբ աչքի են ընկնում նաեւ հարթաքանդակային ու զարդանախշային տարրերը:

Քարտեզի վրա 155 կմ Երևանի կենտրոնից
Վայր՝ Տավուշ

Մաշտոցի պողոտայի հյուսիսային հատվածում է գտնվում հնագույն ձեռագրերով հարուստ գրադարաններից մեկը` Մատենադարանը: Այստեղ են հավաքված համաշխարհային ճանաչում ձեռք բերած հայկական մագաղաթներն ու իրենց բարձր կատարողական վարպետությամբ աչքի ընկնող հայ մանրանկարիչների գլուխգործոցները: Մատենադարանի գրապահոցներում են գտնվում նաեւ համաշխարհային անտիկ դասականների այնպիսի գործեր, որոնք մեզ են հասել միայն հայերեն թարգմանությամբ: Մատենադարանի շենքի բակում տեղադրված են հայ մշակույթի ու գրականության մեծ գործիչների արձանները:

Քարտեզի վրա 3 կմ Երևանի կենտրոնից
Վայր՝ Երևան

Մարմաշեն

Ախուրյան գետի բարձրադիր ափին` գեղատեսիլ սարահարթի վրա է գտնվում իշխան Վահրամ Պահլավունու կառուցած Մարմաշենի հոյակերտ եկեղեցական համալիրը: Այն մի հսկայական կոթող է, որի շինարարությունը սկսվել է 986թ. եւ ավարտվել է 1029թ: Գլխավոր եկեղեցին գմբեթավոր դահլիճ է, որի ճակատները մշակված են եռանկյունաձեւ խորշերով, որոնք իրենց լուսաստվերային խաղերով կենդանություն են հաղորդում կառույցին: Վանքի երկրորդ եկեղեցին կառուցված է գլխավորին կից: Այժմ պահպանված արեւելյան եւ հյուսիսային պատերը ցույց են տալիս, որ այն թե հորինվածքով, թե ճարտարապետական մանրամասներով գլխավոր եկեղեցու փոքրացված կրկնօրինակումն է: Սրբատաշ կարմիր տուֆով կառուցված այս համալիրը, ընդգծվելով երկնքի կապույտ ֆոնի վրա, աննկարագրելի տպավորություն է թողնում:

Քարտեզի վրա 14 կմ Երևանի կենտրոնից
Վայր՝ Շիրակ

Նորավանք

Հարյուրավոր քարանձավներով պատված ժայռերի կիրճը տանում է դեպի մի տեսարան, ուր ներկայացված է ճարտարապետության ու բնության ներդաշնակությունը: Հրաշալի ճարտարապետական լուծումներով ու շքեղ զարդաքանդակներով օծված այս վանքային համալիրը 13-րդ դարի հայ ճարտարապետության փայլուն օրինակներից է: Նորավանքը բաղկացած է Սբ. Կարապետ, Սբ. Լուսավորիչ եկեղեցիներից եւ իր ձեւերի կատարելությամբ աչքի ընկնող Սբ. Աստվատծածին կրկնահարկ եկեղեցուց:

Քարտեզի վրա 120 կմ Երևանի կենտրոնից
Վայր՝ Վայոց ձոր

Նորատուս

Խաչքարի արվեստը միջնադարյան հայ մշակույթի ամենայուրօրինակ դրսեւորումն է: Նորատուսը, որ ճշմարտացիորեն համարվում է խաչքարերի անտառ ու բացօթյա թանգարան, իր հովանու ներքո է առել հարյուրավոր խաչքարեր, որոնցից հատկապես ուշագրավ են 13-14-րդ դարերին հատուկ ասեղնագործ խաչքարերը: Սա այն եզակի տեղն է, ուր կարելի է բացահայտել խաչքարագործության զարգացումը` իր պատմական ընթացքի մեջ:

Քարտեզի վրա 95 կմ Երևանի կենտրոնից
Վայր՝ Գեղարգունիք

Շաքիի ջրվեժ

Հայաստանի հարավում` Սիսիանից ընդամենը մի քանի կիլոմետր հեռավորության վրա է գտնվում Շաքիի ջրվեժը: Սյունիքի գողտրիկ անկյուններից մեկում պարփակված այս ջրվեժն ականատեսներին ներկայանում է իր աննկարագրելի գեղեցկությամբ: Այստեղ օդը լցված է ջրի մեղրածոր երաժշտությամբ, որը, միանալով լեռնային բնության համայնապատկերին, վերածվում է բնական կտավի:

Քարտեզի վրա 205 կմ Երևանի կենտրոնից
Վայր՝ Սյունիք

Ջերմուկ

Վայոց Ձորի հյուսիս-արեւելյան մասում է գտնվում հայտնի առողջարանային քաղաք Ջերմուկը: Այստեղի հանքային ջրերի բուժիչ հատկությունների մասին հայտնի է եղել դեռեւս վաղ միջնադարից: Այցելուների համար կառուցված է հատուկ ըմպելասրահ, որտեղ հանքային ջրերի մատակարարումը իրականցվում է տարբեր ծորակներով` ըստ ջրի ջերմաստիճանի, որը տատանվում է 30-50 աստիճան: Ջերմուկի կլիմայական առանձնահատկությունները, հիանալի բնությունը, բացարձակ մաքուր օդը գերազանց հնարավորություն են ստեղծում հարմարավետ հանգիստ կազմակերպելու համար:

Քարտեզի վրա 170 կմ Երևանի կենտրոնից
Վայր՝ Վայոց ձոր

Սաղմոսավանք

Հովհանավանքից 5կմ հեռավորության վրա, Քասաղի կիրճին նայող բարձունքի վրա, 13-րդ դարում Վաչուտյան իշխանները կառուցել են Սաղմոսավանքը: Գլխավոր եկեղեցուն կից է վանական գրատունը, որտեղ տարիներ շարունակ գրվել ու նկարազարդվել են բազմաթիվ մագաղաթներ: Սաղմոսավանքը զգալիորեն տուժեց 1988 թ. ուժեղ երկրաշարժից: Սակայն 2000 թ. ավարտված վերականգնողական աշխատանքները համալիրին վերադարձրին նախքին փայլն ու շքեղությունը:

Քարտեզի վրա 35 կմ Երևանի կենտրոնից
Վայր՝ Արագածոտն

Սանահին

Սանահինի վանքը գտնվում է Դեբեդ գետի աջ ափին` Լոռու կանաչապատ անկյուններից մեկում: Ճարտարապետական այս բարդ համակառույցը բաղկացած է մի քանի եկեղեցիներից, գրադարան-մատենադարանից, դպրանոցից: Առանձին հիացմունք է առաջացնում Սբ. Աստվածածին եւ Ամենափրկիչ եկեղեցիներն իրար կապող ճեմարանի շենքը, որն ի սկզբանե եղել է ճարտարապետների հմուտ հնարքը, որով նրանք այս երկու եկեղեցիներին հաղորդել են բարձր սեյսմակայունություն:

Քարտեզի վրա 170 կմ Երևանի կենտրոնից
Վայր՝ Լոռի

Սարդարապատ

Այս հուշահամալիրը, որը կառուցված է Արարատյան արեւաշող դաշտավայրում, ալեգորիկ արտահայտչամիջոցներով ներկայացնում է1918թ. տեղի ունեցած հայ-թուրքական ճակատամարտը եւ փառաբանում է հայ ժողովրդի փայլուն հաղթանակը: Համալիրի մուտքի առջեւ տեղադրված են հսկայածավալ թեւավոր ցլերը, իսկ հինգ արծիվներով եզերված ճեմուղին տանում է դեպի հուշահամալիրի բաղկացուցիչ մաս կազմող ազգագրական թանգարան, որտեղ ներկայացված են հայոց պատմությունը, մշակույթը, արհեստներն ու կենցաղը սկսած նախնադարյան հասարակարգից մինչեւ մեր օրերը:

Քարտեզի վրա 55 կմ Երևանի կենտրոնից
Վայր՝ Արմավիր

Սբ. Գայանե եկեղեցի

Մայր Տաճարից ոչ շատ հեռու Արարատի ճերմակափայլ գագաթների ֆոնի վրա գծագրվում է Գայանե եկեղեցու գմբեթը: Եկեղեցին պատկանում է գմբեթավոր բազիլիկ տիպին եւ կառուցվել է 7-րդ դարում: Ըստ ավանդության այն կառուցվել է Գայանե կույսի գերեզմանի վրա, որը նահատակվել է Հայաստանում քրիստոնեություն տարածելու համար:

Քարտեզի վրա 22 կմ Երևանի կենտրոնից
Վայր՝ Արմավիր

Սբ. Հռիփսիմե եկեղեցի

Էջմիածին քաղաքի մյուս տեսարժան կառույցը Հռիփսիմե եկեղեցին է: Սա Հայաստանի կենտրոնագմբեթ խաչաձեւ տիպի եկեղեցիների զարգացած ու կատարելագործված օրինակն է: Եկեղեցին աչքի է ընկնում իր ճարտարապետական ձեւերի պարզությամբ ու վեհությամբ: Եկեղեցու ավանդատանը թաղված է քրիստոնյա նահատակ Հռիփսիմե կույսը:

Քարտեզի վրա 20 կմ Երևանի կենտրոնից
Վայր՝ Արմավիր

Սելիմ

Գեղարքունիքի մարզը Վայոց Ձորի հետ կապող Սելիմի լեռնանցքը դարեր շարունակ ծառայել է որպես կարեւոր առեւտրային ճանապարհ: Այստեղով էին անցնում մեծաքանակ բեռներ տեղափոխող ուղտերի քարավանները: Երկար ճանապարհ կտրած առեւտրականներին ու ուղտերին իհարկե նաեւ հանգստի ժամեր էին անհրաժեշտ եւ այդ էր պատճառը, որ 1332թ. իշխան Չեսար Օրբելյանը այստեղ՝ Սելիմի լեռնանցքի երկարուձիգ, ոլոր-մոլոր ճանապարհի վրա կառուցում է այս քարավանատունը: Սա մի եռանավ կառույց է, որը լուսավորվում է միայն երդիկներից, քանի որ ելնելով ապահովության նկատառումներից սրահը չունի ոչ մի պատուհան ու այդ խորհրդավոր մթության մեջ թվում է, թե դեռ լսվում են առեւտրականների աղմկոտ խոսակցության արձագանքները:

Քարտեզի վրա 150 կմ Երևանի կենտրոնից
Վայր՝ Վայոց ձոր

Սեւանա Լիճ

Հայոց լեռնաշխարհի հմայքն ու մարգարիտը հանդիսացող Սեւանը Կովկասի ամենախոշոր եւ աշխարհի ամենամեծ բարձրադիր քաղցրահամ լճերից մեկն է: Գտնվում է ծովի մակարդակից մոտ 1900 մետր բարձրության վրա: Լիճն ունի հրաբխային ծագում եւ շրջապատված է մինչեւ 3000 եւ ավելի մետր բարձրության հասնող լեռնաշղթաներով: Գեղեցիկ բնությունը եւ բյուրեղյա թափանցիկ ջուրը հիանալի հանգստի նախապայման են ստեղծում:

Քարտեզի վրա 68կմ Երևանի կենտրոնից
Վայր՝ Գեղարքունիք

Սեւանավանք

Չքնաղ տեսարան է բացվում Սեւանա լճի հյուսիս-արեւմտյան մասում, ուր լճի հայելանման մակերեւույթից վեր է հառնում թերակղզին` իր միջնադարյան վանքային համալիրով: Սեւանավանքը կառուցվել է 874թ. Աշոտ Բագրատունու դուստր` Մարիամ իշխանուհու պատվերով: Երկնքի կապույտի ու լճի զմրուխտ ֆոնի վրա գծագրվող Սբ. Առաքելոց եւ Սբ. Աստվածածին եկեղեցիներն անբացատրելի տպավորություն են թողնում դիտողների վրա:

Քարտեզի վրա 68 կմ Երևանի կենտրոնից
Վայր՝ Գեղարքունիք

Տաթեւի վանք

Զանգեզուրի ճարտարապետական կոթողների մեջ Տաթեւի վանքը չունի իր համազորը: Սա միջնադարյան Հայաստանի ամենահարուստ վանքային համալիրն է եղել: Բացի հոգեւոր կենտրոն լինելուց, Տաթեւը եղել է նաեւ Սյունաց թագավորության քաղաքական կարեւոր հենակետ: Վանքի ռազմավարական ձեռնտու դիրքը եւ անառիկությունը նպաստավոր պայմաններ են ստեղծել այստեղ պաշտպանական ամուր կառույցներ ստեղծելու համար: Քաղաքական ոչ բարենպաստ պայմաններում արտաքին աշխարհի հետ կապի միջոց էին ծառայում վանական համալիրի տարածքում եղած բազմաթիվ գաղտնուղիները:

Քարտեզի վրա 255 կմ Երևանի կենտրոնից
Վայր՝ Սյունիք

Քարահունջ

Գիտական հետազոտություններն ապացուցել են, որ Քարահունջը հանդիսանում է աշխարհի ամենահին աստղադիտարաններից մեկը: Այն թվագրվում է մ. թ. ա. 6-5-րդ հազարամյակներով: Զարմանալիորեն ճշգրիտ դասավորված հսկայական քարերից շատերն ունեն անցքեր, որոնք օգտագործվել են աստղային դիտարկումների համար: Քարահունջից ոչ շատ հեռու հայտնաբերված ժայռապատկերներն ապացուցում են, որ նախնադարյան մարդը Հայաստանում քաջատեղյակ էր աստղագիտությունից:

Քարտեզի վրա 210 կմ Երևանի կենտրոնից
Վայր՝ Սյունիք

Օշական

Օշականի մասին հիշատակություններ են արվում սկսած 5-րդ դարից, ուր 440թ. Վահան Ամատունի իշխանը ամփոփում է հայոց գրերի գյուտի հեղինակ Մեսրոպ Մաշտոցի աճյունը եւ նրա գերեզմանի վրա հիմնում եկեղեցի, որի տեղում 19-րդ դարում կառուցվում է Սբ. Մեսրոպ Մաշտոց անունը կրող եկեղեցին: Ամեն տարի սեպտեմբերին շատ առաջին դասարանցիներ հայոց այբուբենի առաջին տառը սովորում են հենց այս եկեղեցում` Մաշտոցի շիրիմի մոտ հանդիսավոր երդումից հետո:

Քարտեզի վրա 30 կմ Երևանի կենտրոնից
Վայր՝ Արագածոտն