Վարձակալության կանոնները և պայմանները


Այս բաժնում ներկայացված են առանց վարորդի ավտոմեքենա վարձակալելու և շահագործելու պայմանները, ինչպես նաև մեր ընկերության և հաճախորդի պարտավորություններն ու իրավունքները վարձակալության ընթացքում:
Ավտոմեքենա վարձակալելիս այս պայմանների հիման վրա յուրաքանչյուր հաճախորդի հետ կնքվում է պայմանագիր, որը կարող եք ներբեռնել այս էջից:

Պայմանագրի Հայ-Ռուս.pdf

Պայմանագիր Հայ-Անգ.pdf

  • 1․ Նախնական դրույթներ

    1.1. Այս էջում “Քարավան” ավտովարձույթը համարվելու է Վարձատու, իսկ նրա ծառայություններից օգտվելու համար դիմողը` Պատվիրատու:

    1.2. Ավտոմեքենաների վարձակալության և մյուս ծառայությունների պատվերները ցանկալի է կատարել նախօրոք: Պատվերներն ընդունվում են ինտերնետային էջի, հեռախոսազանգի, էլ. նամակի, Viber կամ WhatsApp հավելվածների միջոցով, ինչպես նաև “Քարավան” ավտովարձույթի գրասենյակում:

    1.3. Ընդհանուր առմամբ, Ավտոմեքենաների ամրագրումը կատարվում է առանց կանխավճար պահանջելու, սակայն որոշ դեպքերում Վարձատուն կարող է Պատվիրատուից պահանջել կանխավճար կամ լրացուցիչ տեղեկություններ ամրագրման համար:

    1.4. Ալկոհոլի, թմրանյութի, հոգեմետ կամ ինքնազգացողության վրա վնասակար ներգործող դեղերի ազդեցության տակ գտնվող անձինք չեն կարող կնքել Վարձակալության պայմանագիր և վարել Ավտոմեքենա:

  • 2․ Պատվիրատուի պարտավորություններ ու իրավունքները

    2.1. Պատվիրատուն պարտավոր է ստույգ տվյալներ ներկայացնել պատվերը ձևակերպելիս եւ տվյալների հետագա փոփոխությունների մասին Վարձատուին տեղյակ պահել ծառայության մատուցումից առնվազն 5 օր առաջ:

    2.2. Ավտոմեքենան համարվում է Պատվիրատուի կողմից ամրագրված, եթե առկա է Վարձատուի կողմից տրված գրավոր հաստատումն այդ մասին կամ կնքված է պայմանագիր Ավտոմեքենայի ամրագրման մասին: Ավտոմեքենան համարվում է վարձակալված, եթե գործողության մեջ է երկկողմանի կնքված Վարձակալության պայմանագիրը:

    2.3. Ամրագրված Ավտոմեքենայից հրաժարվելու կամ վարձակալության սկզբնաժամկետը հետաձգելու դեպքում Պատվիրատուն որևէ տուգանք չի վճարում, եթե այդ մասին գրավոր տեղեկացրել է Վարձատուին վարձակալության սկզբնաժամկետից հաշված 48 ժամ առաջ: Հակառակ դեպքում Պատվիրատուն վճարում է տուգանք` վարձակալության 1 օրվա գնի չափով:

    2.4. Այն դեպքում, երբ Պատվիրատուն` առանց նախապես զգուշացնելու կամ պատվերը չեղյալ համարելու ծանուցման, պայմանավորված ժամին չի ներկայանում ամրագրված Ավտոմեքենան ընդունելու համար, կիրառվում 3-ժամյա սպասելաժամանակ` սկսած ամրագրված Ավտոմեքենայի սկզբնաժամից, որից հետո պատվերն ինքնստինքյան համարվում է չեղարկված Վարձատուի կողմից:
    2.5 Վարձակալված Ավտոմեքենան ընդունելու պահից Պատվիրատուն (կամ այն անձը ով պայմանագրով ստանձնում է ամրագրված Ավտոմեքենայի վարձակալության ողջ պատասխանատվությունը) համարվելու է Վարձակալ, իսկ Ավտոմեքենան վարողները` Վարորդներ:

  • 3․ Վարձակալի / Վարորդի պարտավորություններ ու իրավունքները

    3.1.Վարձակալը պետք է լինի 22 – 70 տարեկան և ունենա առնվազն 2 տարվա վարորդական փորձ` վարձակալության պայմանագիրը ստորագրելու համար:

    3.2. Ավտոմեքենայի վարձակալության ողջ պատասխանատվությունը ստանձնում է Վարձակալը:

    3.3. Ֆիզիկական անձանց դեպքում վարձակալության պայմանագիրը ստորագրելիս` Վարձակալը պետք է ներկայացնի վավեր վարորդական իրավունքի վկայական, վավեր անձնագիր (կամ ID card) և գրավի գումարի տրամադրման հնարավորություն (բանկային քարտով սառեցնելու, կանխիկ վճարելու միջոցով) կամ “սուպեր ծածկույթ” հավելավճար մուծելու հնարավորություն (մանրամասները` 7.2 – 7.5; 8.9 կետերում):

    3.4. Իրավաբանական անձանց դեպքում վարձակալության պայմանագիրը ստորագրելիս` Վարձակալը պետք է ներկայացնի լիազորագիր պայմանագիրը կնքող կազմակերպության կողմից, լիազորված անձի անձնագիրը և վավեր վարորդական իրավունքի վկայական:

    3.5.Վարձակալն իրավունք չունի ենթավարձակալության հանձնել վարձակալված Ավտոմեքենան:

    3.6. Չնայած Ավտոմեքենայի վարձակալության ողջ պատասխանատվությունը ստանձնում է Վարձակալը, այնուամենայնիվ, եթե վարձակալած Ավտոմեքենան վարելու են Վարձակալից տարբեր այլ Վարորդներ, ապա նրանք նույնպես պետք է ստանան Ավտոմեքենան վարելու իրավունք Վարձատուի կողմից (այդ մասին հատուկ նշվում է վարձակալության պայմանագրում): Առանց Վարձատուի թույլտվության Վարձակալն իրավունք չունի Ավտոմեքենայի վարման իրավունք տալ որևէ այլ անձի:

    3.7. Եթե վարձակալած Ավտոմեքենան վարելու են Վարձակալից տարբեր այլ Վարորդներ ապա նրանք նույնպես պետք է լինեն 22 – 70 տարեկան, ունենան առնվազն 2 տարվա վարորդական փորձ և ներկայացնեն վավեր վարորդական իրավունքի վկայականներ: Յուրաքանչյուր լրացուցիչ վարորդի վարման իրավունք տալու համար գանձվում է լրացուցիչ գումար:

    3.8. Վարձակալված Ավտոմեքենան վարելիս Վարորդը պարտավոր է պահպանել ճանապարհային երթևեկության կանոները: Վարորդը պատախանատու է խախտումների համար նախատեսված տուգանքների վճարման համար: Վարորդը Ավտոմեքենան պետք է կայանի կայանման համար թույլատրվող տարածքներում, կայանելիս փակի Ավտոմեքենայի դռներն ու բեռնախցիկը, միացնի հակաառևանգման համակարգը և Ավտոմեքենայում չթողնի նրա բանալիներն ու փաստաթղթերը: Բանալիներն ու փաստաթղթերը պետք է լինեն Վարորդի մոտ և նրա մշտական հսկողության տակ: Ավտոմեքենայի առևանգման դեպքում Վարձակալը պարտավոր է վերադարձնել Ավտոմեքենայի բանալիների և փաստաթղթերի բնօրինակները:

    3.9. Տեխնիկական անսարքություններ նկատելիս` Վարորդն անմիջապես պարտավոր է այդ մասին տեղեկացնել Վարձատուին: Եթե Ավտոմեքենայի տեխնիկական անսարքությունը կամ նրա բաղկացուցիչ մասերի թերությունը/կորուստը առաջացել է Վարորդի մեղքով, ապա նա ամբողջությամբ պարտավոր է փոխհատուցել ծագած վնասները: Եթե Ավտոմեքենայի շահագործման ընթացքում ոչ Վարորդի մեղքով առաջացել են տեխնիկական անսարքություններ կամ թերություններ և Ավտոմեքենայի հետագա շահագործումը դարձել է վտանգավոր, ապա նա իրավունք ունի պահանջել փոխարինել վարձակալված Ավտոմեքենան համարժեք Ավտոմեքենայով:

    3.10. Վթարի, ինչպես նաև Ավտոմեքենայի (կամ նրա բաղկացուցիչ մասերի) կորստի/գողության դեպքում Վարորդը պարտավոր է անհապաղ այդ մասին տեղյակ պահել Վարձատուին և Ոստիկանությանը (միևնույն ժամանակ վթարի դեպքում ավտոմեքենան տեղաշարժ չանելով), օժանդակել օրենքով սահմանված կարգով արձանագրություններ և պատշաճ տեղեկանքներ կազմելուն, ներկայացնել դրանք Վարձատուին:

    3.11. Վարձակալի կամ Վարորդի կողմից երրորդ անձանց և նրանց գույքին պատճառված վնասի դեպքում վերջիններս Վարձատուին որևէ պահանջ ներ­կա­յացնելու իրավասություն չունեն և Վարձատուն որևէ պատաս­խանատ­վություն չի կարող կրել: Ապահովագրական ընկերությունը “Ավտոտրանսպոր­տային միջոցների օգտագործումից բխող պատասխա­նատվության պարտադիր ապահովագրության” պայմանագրով, “Ավտո­կասկո ապահովագրության պայ­մանագրով” և “Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին” ՀՀ օրենքով սահմանված դեպքերում սուբրո­գացիայի իրավունքը կարող է իրացնել բացառապես Վարձակալի կամ Վարորդի նկատմամբ:

    3.12. Վարձակալի կամ Վարորդի գործողությունների (անգործության), Ապահո­վագրության պայմանագրի պայմանների խախտման դեպքում Վարձատուն որևէ պատասխանատվություն չի կրում և Ապահովագրական ընկերությունը չի կարող Վարձատուից պահանջել ապահովագրական հատուցման գումարի վերադարձ (սուբրոգացիա):

  • 4․ Վարձատուի պարտավորություններ ու իրավունքները

    4.1. Վարձատուն պարտավորվում է պատվերը ստանալուց հետո առավելագույնը 2 օրվա ընթացքում կապ հաստատել Պատվիրատուի հետ, տեղեկացնել պատվերի իրականացման հնարավորությունների մասին եւ հավաստի տվյալներով պատասխանել Պատվիրատուի բոլոր հարցերին:

    4.2.Վարձատուն պարտավորվում է համաձայնեցված ժամկետներում Պատվիրատուին տրամադրել ամրագրված Ավտոմեքենան: Եթե ամրագրված Ավտոմեքենան ունի տեխնիկական անսարքություններ, Վարձատուն պարտավորվում է Պատվիրատուին տրամադրել նույն խմբում գտնվող (նույն տեսակի և նույն կարգի) մեկ այլ Ավտոմեքենա` ոչ ավելի բարձր գնով, քան ամրագրված Ավտոմեքենայի գինն է:

    4.3. Եթե վարձակալության օրը Վարձատուն հրաժարվում է Պատվիրատուին տրամադրել Ավտոմեքենա նախորդ պարբերությունում նշված կարգի համաձայն, ապա վճարում է նրան տուգանք վարձակալության 1 օրվա արժեքի չափով:

    4.4. Վարձատուն որևէ պատասխանատվություն չի կրում վարձակալված Ավտոմեքենաներում կորած կամ անհետացած անձնական իրերի համար, ինչպես նաև վարձակալված Ավտոմեքենաների ուղևորների առողջական խնդիրների համար:

    4.5. Վարձատուն պարտավորվում է վարձակալության պայմանագրի գործողության ընթացքում իրականացնել վարձակալված Ավտոմեքենայի այնպիսի տեխնիկական սպասարկումը, որոնց առաջացումը պայմանավորված չէ Վարձակալի մեղավորությամբ` բացառությամբ առաջին անհրաժեշտության սպասարկումից (պահեստային անիվի փոխարինում, դիմապակու մաքրման հեղուկի լիցքավորում, լուսարձակման լամպերի փոխարինում և այլն):

    4.6. Վարձատուն պարտավորվում է խելամիտ ժամկետում` անհանգստություն չպատճառելով Վարձակալին, վերացնել վարձակալված Ավտոմեքենայի թերությունները կամ տրամադրել նույն խմբում գտնվող (նույն տեսակի և նույն կարգի) մեկ այլ Ավտոմեքենա, եթե վարձակալության պայմանագրի գործողության ընթացքում Ավտոմեքենան խափանվել է ոչ Վարձակալի մեղքով և նրա հետագա շահագործումը դարձել է վտանգավոր:

    4.7. Վարձատուն պարտավորվում է Վարձակալին տրամադրել Ավտոմեքենայի շահագործման համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը:

    4.8. Վարձակալության պայմանագրի որևէ կետի խախտման դեպքում Վարձատուն իրավունք ունի հետ վերցնել տրամադրված Ավտոմեքենան, միակողմանի լուծել պայմանագիրը և չվերադարձնել որևէ գումար նրան և պահանջել պատճառված վնասների լրիվ հատուցում: Այդ դեպքում Վարձատուն որևէ պատասխանատվություն չի կրում Ավտոմեքենայում թողած իրերի կորստի կամ վնասման համար:

  • 5․ Ավտոմեքենաների հանձնումն ու ընդունումը, շահագործման կարգը

    5.1. Վարձակալված Ավտոմեքենաները թույլատրվում է շահագործել միայն Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի տարածքում: “Քարավան” ավտովարձույթի կողմից հատուկ թույլտվության դեպքում Ավտոմեքենաները կարելի է շահագործել նաև Վրաստանի Հանրապետությունում (նվազագույնը 2 օր վարձակալության ժամկետով): Բացի այդ, Վարձակալը պարտավորվում է ձեռք բերել ապահովագրություն (կետ 8.1): Վարձակալության հանձնվող Ավտոմեքենաները արտաքին գովազդ չունեն: Ավտոմեքենաների վազքը սահմանափակված չէ:

    5.2. Վարձակալված Ավտոմեքենաների փաստաթղթերի ձևակերպումը, հանձնումն ու ընդունումը կատարվում է ինչպես “Քարավան” ավտովարձույթի գրասենյակում, այնպես էլ լրացուցիչ վճարի դեպքում Պատվիրատուի նախանշած ցանկացած այլ վայրում (այդ թվում` օդանավակայանում, Երևանում և Երևանից դուրս): Բոլոր դեպքերում Պատվիրատուն պարտավոր է նախօրոք համաձայնություն ձեռք բերել Վարձատուից Ավտոմեքենայի հանձնման և ընդունման վայրի վերաբերյալ:

    5.3. “Քարավան” ավտովարձույթի գրասենյակի աշխատանքային օրերն ու ժամերը`

    ապրիլի 1-ից մինչև հոկտեմբերի 31
    երկուշաբթի – շաբաթ` 09.00 – 19.00

    նոյեմբերի 1-ից մինչև մարտի 31
    երկուշաբթի – շաբաթ` 09.00 – 19.00

    կիրակի և տոն օրեր` ոչ աշխատանքային:

    5.4. Կազմակերպության գրասենյակներում Ավտոմեքենայի հանձնումն ու ընդունումը կատարվում է առանց հավելավճարի:

    5.5. Երևան ք. օդանավակայանում Ավտոմեքենայի ընդունում կամ հանձնում կատարելու դեպքում Վարձակալը վճարում է հավելյալ 9.000 դրամ:
    5.6. Գյումրի ք. օդանավակայանում Ավտոմեքենայի ընդունում կամ հանձնում կատարելու դեպքում Վարձակալը վճարում է հավելյալ 25.000 դրամ:

    5.7. Երևանում ցանկացած նախանշած հասցեում Ավտոմեքենայի ընդունում կամ հանձնում կատարելու դեպքում Վարձակալը վճարում է հավելյալ 2.000 դրամ:

    5.8. Երևանից դուրս Ավտոմեքենայի ընդունում կամ հանձնում կատարելու դեպքում Վարձակալը կախված հեռավորությունից վճարում է հավելյալ գումար 500 դրամ` 1 կմ-ի համար :

    5.9. Ոչ աշխատանքային օրերին կամ ժամերին Ավտոմեքենայի հանձնում կամ ընդունում կատարելու համար Վարձակալը վճարում է հավելյալ 4.000 դրամ:

    5.10. Վարձակալվող Ավտոմեքենաները Վարձակալին տրամադրվում են պատշաճ վիճակում` տեխնիկապես անթերի, մաքուր և վառելիքի որաշակի լիցքավորմամբ: Վարձակալված Ավտոմեքենաներում անվճար տրվում են հովանոց, քարտեզ, պահեստային անիվ, առաջին անհրաժեշտության գործիքներ, դեղատուփ և կրակմարիչ: Ձմեռային ամիսներին` Ավտոմեքենաները տրամադրվում են ձմեռային անվադողերով:

    5.11. Վարձակալը պարտավոր է հետևել Ավտոմեքենայի շահագործման ընդունված կանոններին և Ավտոմեքենան լիցքավորել բարձրորակ վառելիքի տեսակով:

    5.12. Վարձակալը պարտավոր է վերջնաժամկետին պատշաճ վիճակում հետ վերադարձնել Ավտոմեքենան, բոլոր փաստաթղթերը, լրացուցիչ սարքավորումներն ու պարագաները:

    5.13. Ավտոմեքենաները, Վարձատուին հետ վերադարձնելիս, պետք է լինեն չվնասված, տեխնիկապես անթերի, մաքուր և վառելիքի նույնքան լիցքավորմամբ, որքնով որ հանձնվել են Վարձակալին: Եթե Ավտոմեքենայի տեխնիկական անսարքությունը կամ նրա բաղկացուցիչ մասերի թերությունը/կորուստը առաջացել է Վարձակալի մեղքով, ապա նա ամբողջությամբ պարտավոր է փոխհատուցել ծագած վնասները:

    5.14. Ավտոմեքենան մաքուր վիճակում Վարձատուին չհանձնելու դեպքում գանձվում է 3.000 դրամ:

    5.15. Ավտոմեքենան վառելիքի պակաս լիցքավորմամբ Վարձատուին հանձնելու դեպքում գանձվում է 500 դրամ լիցքավորման ծառայության վճար` վառելիքի յուրաքանչյուր պակաս լիտրի դիմաց:

    5.16. Ավտոմեքենայի հանձնման և ընդունան ժամանակ Վարձակալը Վարձատուի մասնագետի հետ զննում է Ավտոմեքենան և կազմում նրա վիճակի վերաբերյալ համապատասխան հանձնման-ընդունման ակտ, որը հանդիսանում է պայմանագրի անբաժանելի մաս: Ավտոմեքենայի վերաբերյալ ցանկացած թերություն արձանագրվում է հանձնման-ընդունման ակտում: Վարձակալը մինչ Ավտոմեքենան վարձակալության ընդունելը պարտավոր է Ավտոմեքենայի անսարքություններ կամ որևէ այլ թերություններ հայտնաբերե­լու դեպքում այդ մասին տեղեկացնել Վարձատուին և համապատասխան նշում կատարել հանձնման-ընդուն­ման ակտում: Վարձակալը Ավտոմեքենայի ընդուն­ման ժամանակ նշված թերություններից բացի հետագայում հայտնա­բերված որևէ այլ թերության մասին հայտարարություն անելու իրավունքից զրկվում է:

    5.17. Հանձնման-ընդունման ակտը երկկողմանի հաստատմամբ պահպանվում է յուրաքանչյուր կողմի մոտ և հիմք է հանդիսանում Ավտոմեքենայի թերություններն ու վնասները զննելիս և գնահատելիս, ընդ որում Վարձակալը ընդունում է, որ Վարձատուն իրավունք ունի որոշել, թե ում մեղքով են առաջացել թերություններն ու վնասները: Եթե Վարձակալը հրաժարվում է ստորագրել հանձնման-ընդունման ակտը Ավտոմեքենան հանձնելիս, ապա Վարձատուն իրավունք ունի կազմել այն երկու վկաների ներկայությամբ և օգտագործել ըստ անհրաժեշտության:

    5.18. Արգելվում է Ավտոմեքենաները շահագործելիս տեղափոխել հրավտանգավոր բեռներ, պայթուցիկ նյութեր, մաքսանենգ ապրանքներ և օրենքով արգելված կամ վտանգավոր այլ բեռներ:

    5.19. Արգելվում է Ավտոմեքենաներն օգտագործել մրցույթներում և շահագործել որպես քարշակ կամ որպես ուսումնական Ավտոմեքենա, տաքսի ծառայության և բեռնափոխադրման նպատակով:

    5.20. Արգելվում է Ավտոմեքենաների ինքնուրույն տեխնիկական վերանորոգումը (բացառությամբ առաջին անհրաժեշտության սպասարկումից` պահեստային անիվի փոխարինում, դիմապակու մաքրման հեղուկի լիցքավորում, լուսարձակման լամպերի փոխարինում և այլն) և լրացուցիչ դետալների տեղադրումը:

  • 6․ Վարձակալության ժամկետները ու գների հաշվարկը

    6.1. Ավտոմեքենաների վարձակալության նվազագույն ժամկետը 1 օրն է: Վարձակալության առավելագույն ժամկետ չի սահմանվում: Վարձակալության սկզբնաժամկետը համարվում է Ավտոմեքենան տրամադրելու պահը, իսկ վերջնաժամկետը այն հետ վերադարձնելու պահը:

    6.2. Որքան երկար է վարձակալության ժամկետը` այնքան ցածր է վարձակալության 1 օրվա գինը: Երկարաժամկետ պատվերների, ինչպես նաև մշտական հաճախորդների համար գործում են հատուկ գներ:

    6.3. Եթե վարձակալության ժամկետը բացի լիարժեք օրերից ներառում է նաև հավելյալ ժամեր, ապա ամրագրման համակարգը հաշվարկը կատարում է հետևյալ սանդղակի համաձայն.

    ● մինչև 3 հավելյալ ժամի համար հաշվարկվում է վարձակալության 1 օրվա գնի 25%-ը

    ● 3 – 6 հավելյալ ժամի համար հաշվարկվում է վարձակալության 1 օրվա գնի 50%-ի չափով

    ● 6-ից ավելի հավելյալ ժամի համար հաշվարկվում է վարձակալության 1 օրվա գնի 100%-ի չափով

    6.4. Ավտոմեքենաների վարձակալության գները ներառում են դրանց տեխնիկական սպասարկման ծախսերը, բոլոր պետական հարկերը, կարմիր գծանշումներով ավտոկայանատեղիների տուրքերը Երևան քաղաքում, ԱՊՊԱ և ԿԱՍԿՈ ապահովագրությունների արժեքները, ինչպես նաև Ավտոմեքենայի փոխարինումը տեխնիկական սպասարկման ընթացքում:

    6.5. Ավտոմեքենաների վարձակալության գները չեն ներառում վարորդի, վառելիքի, ավտոլվացման վճարները և ճանապարհատրանսպորտային խախտումների տուգանքները:

    6.6. Վարձակալից բացի Ավտոմեքենան այլ Վարորդների կողմից վարելու իրավունքի տրամադրման համար գանձվում է օրեկան 2.000 դրամ` բայց ոչ ավելի քան 10.000 դրամ վարձակալության ողջ ժամկետի համար:

    6.7. Վարձակալված Ավտոմեքենան վերջնաժամկետից շուտ հետ վերադարձնելու դեպքում կատարվում է վերահաշվարկ համաձայն փաստացի վարձակալված օրերի և դրան համապատասխան գնացուցակի, ընդ որում` անկախ հետ վերադարձման ժամից, այդ օրը և հաջորդ օրը հաշվարկվում են որպես լիարժեք վարձակալված օրեր: Վերահաշվարկի արդյունքում Վարձակալին հետ է վերադարձվում լրացուցիչ գումարն ամբողջությամբ, եթե վերջինս պայմանագրով սահմանված վերջնաժամկետից առնվազն 48 ժամ առաջ այդ մասին տեղյակ է պահել Վարձատուին, հակառակ դեպքում որևէ գումար հետ չի վերադարձվում:

    6.8. Վարձակալության ժամկետը երկարաձգելու դեպ­քում անհրաժեշտ է նախօ­րոք տեղյակ պահել Վարձատուին և Վարձատուի կողմից համա­ձայնություն տալու դեպքում, կնքել համա­ձայնագիր երկարաձգման վերաբերյալ:

    6.9. Վարձակալված Ավտոմեքենան պայմանագրով նախատեսված վերջնաժամկետից ուշ վերադարձնելու դեպքում, անկախ ուշացման պատճառներից, Վարձակալը վճարում է հավելավճար.

    ■ Մինչև 3 ժամ ուշացնելու դեպքում` վարձակալության 1 օրվա գնի 50%-ի չափով

    ■ 3 – 6 ժամ ուշացնելու դեպքում` վարձակալության 1 օրվա գնի 100%-ի չափով

    ■ 6 ժամից ավելի ուշացնելու դեպքում` վարձակալության 1 օրվա գնի կրկնապատիկի չափով

    6.10. Վարձակալված Ավտոմեքենան պայմանագրով նախատեսված վերջնաժամկետից 24 ժամ հետո չվերադարձնելու դեպքում Վարձատուն կարող է դիտել դա որպես առևանգում և հետ վերցնել վարձակալված Ավտոմեքենան ցանկացած վայրից առանց Վարձակալին զգուշացնելու կամ դիմել Ոստիկանություն` Ավտոմեքենան բերման ենթարկելու, Վարձակալին պատասխանատվության կանչելու պահանջով, ընդ որում այդ դեպքում Ավտոմեքենայում թողած իրերի պատասխանատվությունը կրում է Վարձակալը:

  • 7․ Վարձակալության ընդհանուր գումարը, գրավի գումարը և վճարումների կարգը

    7.1. Վարձակալության ընդհանուր գումարը Ավտոմեքենայի վարձակալության արժեքի և պատվիրված լրացուցիչ ծառայությունների արժեքի հանրագումարն է: Վարձակալության արժեքն ամբողջությամբ վճարվում է պայմանագիրը ստորագրելու պահին: Եթե նախօրոք կատարվել է կանխավճար, ապա պայմանագիրը ստորագրելու պահին վճարվում է միայն վերջնավճարը:

    7.2. Վարձակալը պարտավոր է վճարել լրացուցիչ ծախսերի ու տուգանքների համար, որոնք կհաշվարկվեն Վարձատուի կողմից Ավտոմեքենան հետ ընդունելու պահին՝ սահմանված գնացուցակի համաձայն: Այդ նպատակով Վարձակալը պայմանա­գիր ստորագրելու պահին պետք է ապահովի Գրավի գումարի առկայություն, որի միջոցով անհրաժեշտության դեպքում կծածկվեն վերոհիշյալ ծախսերը (դրանք ապահովագրության գումարներով չփոխհատուցվող կամ ապահովա­գրական պատահար չհամարվող ծախսերն են):

    7.3. Գրավի գումարը կարելի է ապահովել բանկային քարտով կամ կանխիկ դրամն ի պահ հանձնելով: Եթե վարձակալված ավտոմեքենայով Վարձակալը երթևեկելու է նաև Վրաստան, ապա գրավի գումարը հնարավոր է ապահովել միայն բանկային քարտի միջոցով՝ հետագայում Վրաստանի տարածքում տեսանկարահանող և լուսանկարահանող սարքերով հայտնաբերված իրավախախտումների համար վարչական տույժ նշանակելու մասին որոշումների գանձումներն իրականացնելու նպատակով: Գանձումներն իրականացվելու են իրավախախտման համար սահմանված գումարին 10% հավելավճարի ավելացմամբ: Բանկային քարտի պարագայում կատարվում է Գրավի գումարի չափով սառեցում քարտից, եթե Վարձակալը չունի “սուպեր ծածկույթ” (կետ 8.9), իսկ եթե Վարձակալը ձեռք է բերել “սուպեր ծածկույթ”, ապա բավական է քարտից գումար գանձելու համաձայնություն: Գրավի գումարը սառեցնելիս՝ հարկավոր է թողնել նույն բանկային քարտի տվյալները (քարտի համարը և գործողության ժամկետը):

    7.4. Եթե վարձակալված Ավտոմեքենան պատշաճ վիճակում և ճիշտ ժամկետին հետ է վերադարձվում Վարձատուին, ապա Գրավի գումարն ամբողջությամբ հետ է տրվում Վարձակալին: Եթե առաջացել են լրացուցիչ ծախսեր, որոնք չեն գերազանցում Գրավի գումարը, ապա դրանք փոխհատուցվում են Գրավի գումարի հաշվին, իսկ մնացորդը հետ է տրվում Վարձակալին: Եթե լրացուցիչ ծախսերը գերազանցում են Գրավի գումարը, ապա որևէ գումար Վարձակալին հետ չի տրվում, և ավելին՝ նրանից գանձվում է նաև լրացուցիչ ծախսերի չփոխհատուցված մասը:

    7.5. Բոլոր ավտոմեքենաների համար Գրավի գումարը սահմանվում է 150.000 դրամ, բացի E կարգի, “Wagon” տեսակի Ավտոմեքենա­ներից, որոնց Գրավի գումարը 200.000 դրամ է:

    7.6. Վճարումները կարելի է կատարել կանխիկ (միայն ՀՀ դրամով) և անկանխիկ (բանկային քարտով կամ բանկային փոխանցումով) միջոցով: Արտարժույթով անկանխիկ վճարումների դեպքում հիմք են ընդունվում ՀՀ ԿԲ կողմից ներկայացված արտարժույթի փոխարժեքները, որոնք կարող են տարբերվել այս կայքում ներկայացվածից: Բանկային քարտով վճարումների դեպքում (ARCA, VISA, MasterCard, Maestro, AMEX) կգործի հավելավճար՝ ընդհանուր գումարի 2%-ի չափով:

  • 8․ Ապահովագրությունը և պատասխանատվությունը վնասի / կորուստի դեպքում

    8.1. Ավտոմեքենան Վրաստանի Հանրապետության տարածքում շահագործելու համար Վարձատուն, ավտոմեքենան տրամադրելիս, ձևակերպում է ԿԱՍԿՈ ապահովագրություն Վարձակալի անունով, ինչի համար լրացուցիչ գանձվում է 10.000 դրամ: Այս արժեքի մեջ ներառված է նաև հատուկ թույլտվություն (լիազորագիր) Վրաստան մուտք գործելու համար: Բացի այդ, Վրաստան մուտք գործելիս, Վարձակալը պարտավորվում է ապահովագրել իր քաղաքացիական պատասխանատվությունը՝ պարտադիր ԱՊՊԱ ապահովագրություն, իրեն ամրակցված տրանսպորտային միջոցի համար Վրաստանի տարածքում ամբողջ ժամանակահատվածում գտնվելու համար: Վրաստանի տարածքում պատահարի դեպքում, եթե Վարձակալը շահագործել է ավտոմեքենան՝
    – առանց ԿԱՍԿՈ ապահովագրության, ապա նա կրում է տեղի ունեցած պատահարի (վնաս, կորուստ, առևանգում, հրդեհ և այլն) ողջ պատասխանա­տվությունը և պարտավոր է փոխհատուցել թե´ վարձակալված Ավտոմե­քենայի և նրա ուղևորների, թե´ Վարձատուի գույքային և անձնական վնաս­ներն ու կորուստները;

    – առանց պարտադիր ԱՊՊԱ ապահովագրության, ապա նա կրում է տեղի ունեցած պատահարի (ԱՊՊԱ ապահովագրություն չունենալու հետևանքով առաջացած տուգանքներ, վնաս, կորուստ, առևանգում, հրդեհ և այլն) ողջ պատասխանա­տվությունը և պարտավոր է փոխհատուցել թե´ երրորդ անձանց և թե´ վարձակալված Ավտոմե­քենայի և ուղևորների գույքային և անձնական վնաս­ներն ու կորուստները:

    8.2. Վարձակալության հանձնված Ավտոմեքենային կամ երրորդ անձանց (նրանց գույքին, առողջությանը, ուղևորներին) պատճառված վնասը Ապահովագրական ընկերության կողմից չհատուցվելու դեպքում, երբ ապահովագրական հատուցման տրամադրման մերժումը պայմանավորված է Վարձակալի գործողություններով (անգործությամբ), այդ թվում ապահովագրության կանոնների խախտման կամ այնպիսի գործողությունների դեպքում, երբ պատճառված վնասը չի դիտարկվել ապահովագրական, ապա Ավտոմեքենային, երրորդ անձանց (նրանց գույքին, առողջությանը) պատճառված վնասը ենթակա է հատուցման Վարձակալի կողմից:
    8.3. ԱՊՊԱ-ն ապահովագրվում է այն վնասները, որոնք առաջացել են տրանսպորտային միջոցի օգտագործումից մյուս` տուժող կողմին, պատճառված վնասներից և տուժողի գույքին պատճառված վնասներ: Երրորդ անձնաց վնասները փոխհատուցվում են հետևյալ կերպ.
    Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի տարածքներում՝ անձնական վնասներ` տուժողի առողջությանը պատճառված վնասներ և դրանց հետևանքով կորցրած աշխատավարձ/եկամուտներ, ինչպես նաև` տուժողի մահ – մեկ ապահովագրական պատահարի համար 3,000,000 ՀՀ դրամ; տուժողի գույքին պատճառված վնասներ – առավելագույնը 1.800.000 ՀՀ դրամ:

    8.4. Ապահովագրական ընկերության կողմից երրորդ անձանց պատճառված վնասներն ամբողջովին չհատուցելու կամ ընդհանրապես չհատուցելու դեպքում վնասների հատուցման պարտականություն կրում է բացառապես Վարձակալը: Վարձատուն Ավտոմեքենայի վարձակալության հանձնված ամբողջ ժամանակահատվածի համար Վարձակալի կողմից երրորդ անձանց պատճառված վնասների համար որևէ պատասխանատվություն չի կրում:

    8.5. ԿԱՍԿՈ-ն ապահովագրում է վարձակալված Ավտոմեքենայի, վարորդի և նաև նրա ուղևորների անձնական վնասների փոխհատուցումը` ճանապարհատրանսպորտային պատահարների, հրդեհի, առևանգման և մյուս ապահովագրական պատահարների դեպքում` հետևյալ կերպ.
    ուղևորների/վարորդի անձնական վնասներ` առավելագույնը 3.000.000 դրամ
    Ավտոմեքենայի վնասներն ամբողջությամբ` համաձայն ապահովագրության պայմանների` բացառությամբ չփոխհատուցվող գումարը
    8.6. Վարձակալը, պահպանելով վարձակալության պայմանագրի կետերը (այդ թվում ապահովագրության), էապես սահմանափակում է իր ֆինանսական պատասխանատվությունը, եթե դրանց մասին ժամանակին տեղյակ է պահել Վարձատուին (անհրաժեշտության դեպքում նաև Ոստիկանությանը):
    8.7. Ցանկացած պատահարի, կորստի կամ վնասի դեպքում Վարձակալը պետք է ներկայացնի օրենքով սահմանված կարգով կազմված արձանագրություն, ինչպես նաև պատահարի մասնակից մյուս կողմերի կամ վկաների մասին բավարար տվյալներ: Ոչ մի հանգամանքներում Վարձակալը չպետք է ընդունի ցանկացած երրորդ անձնաց պահանջները:
    8.8. Եթե Վարձակալը պահպանել է ճանապարհային երթևեկության կանոնները, վարձակալության պայմանագրի (այդ թվում ապահովագրության) դրույթները, ապա ապահովագրական պատահարի դեպքում նրա պատասխանատվությունը վարձակալված Ավտոմեքենայի և նրա ուղևորների նկատմամբ սահմանափակվում է գրավի գումարով, ընդ որում.
    ● Եթե ապահովագրական պատահարի մեղավոր կողմը Վարձակալն է (կամ մեղավոր կողմը բացակայում է), ապա Վարձակալը փոխհատուցում է առավելագույնը գրավի գումարի չափով;

    ● Եթե ապահովագրական պատահարը Վարձակալի մեղքով չէ և մեղավոր կողմը առկա է, ապա գրավի գումարն ամբողջությամբ հետ է վերադարձվում նրան:

    ● Ավտոմեքենայի բաղկացուցիչ մասերի կորստի, վնասվածքի կամ Ավտոմեքենայի առևանգման, հրդեհման դեպքերում Վարձակալը փոխհատուցում է առավելագույնը գրավի գումարի չափով;

    8.9. Վարձակալը պայմանագիրը կնքելիս կարող է 8.8 կետում նշված պատասխանատվությունը փոխարինել “սուպեր ծածկույթ” հավելավճարով, որը վերադարձման ենթակա չէ որևէ պարագայում և լիովին ազատում է 8.8 կետում թվարկված փոխհատուցումներից: Մեկօրյա վարձակալության դեպքում “սուպեր ծածկույթը” չի տրամադրվում: “Սուպեր ծածկույթը” վարձակալության յուրաքանչյուր օրվա համար կազմում է`
    — 8.000 դրամ / օրական՝ 2 օրվա դեպքում;
    — 6.000 դրամ / օրական՝ 3-4 օրվա դեպքում;
    — 5.000 դրամ / օրական՝ 5-7 օրվա դեպքում;
    — 4.500 դրամ / օրական՝ 8 կամ ավելի օրերի դեպքում:
    Սուպեր ծածկույթ ձեռք բերելիս՝ հարկավոր է թողնել կա՛մ որևէ բանկային քարտի տվյալներ (քարտի համարը և գործողության ժամկետը), կա՛մ 70.000 դրամ գրավի գումար (ոչ ապահովագրական դեպքերի համար):

    8.10. Եթե Վարձակալը չի պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները կամ վարձակալության պայմանագրի (այդ թվում ապահովագրության) որևէ դրույթ, ապա նա կրում է տեղի ունեցած պատահարի (վնաս, կորուստ, հրդեհ և այլն) ողջ պատասխանատվությունը և պարտավոր է փոխհատուցել թե վարձակալված Ավտոմեքենայի և նրա ուղևորների, թե Վարձատուի և թե երրորդ անձանց գույքային և անձնական վնասներն ու կորուստները:

  • 9․ Լրացուցիչ ծառայություններ

    9.1. Ավտոմեքենա վարձակալելիս կարող եք օգտվել նաև հետևյալ լրացուցիչ ծառայություններից`

    ● Մանկական նստատեղ – 4.000 դրամ / 1 օրը: 5 կամ ավելի օրով վարձակալելիս` գանձվում է 20.000 դրամ` անկախ օրերի թվից:

    ● Նավիգացիոն համակարգ – 3.000 դրամ / 1 օրը: 5 կամ ավելի օրով վարձակալելիս` գանձվում է 15.000 դրամ` անկախ օրերի թվից:

    ● Վարորդի ծառայություն – 13.000 դրամ / 1 օրը
    ● Շարժական Wi-Fi ինտերնետ – 2.000 դրամ / 1 օրը

    Նշված ծառայությունների մասին մանրամասն կարող եք ծանոթանալ “Այլ ծառայություններ” էջում:

    9.2. Այս էջում ներկայացված վարձակալության պայմաններն ու պարտավորությունները վերաբերվում են նաև լրացուցիչ ծառայություններին:

  • 10․ Անհաղթահարելի ուժի ազդեցություն

    Կողմերն ազատվում են պատասխանատվությունից, եթե պարտավորությունները չեն կատարվել անհաղթահարելի ուժի ազդեցության հետեւանքով (երկրաշարժ, ջրհեղեղ, պատերազմ, հաղորդակցական միջոցների աշխատանքի դադարեցում եւ այլն):