Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի մասին այն ամենը, ինչը, կարծում ենք օգտակար կլինի իմանալ` Հայաստան այցելելիս: Ներքևում բերված հակիրճ տեղեկատվությունը հնարավորություն կտա շատ արագ պատկերացում կազմել Հայաստանի աշխարհագրական դիրքի, կլիմայի, մշակութի, ազգային ավանդույթների, բանկային համակարգի և այլ առանձնահատկությունների մասին:
Աշխարհագրական տեղեկություն
Հայաստանը գտնվում է Հարավային Կովկասում: Հյուսիսից սահմանակից է Վրաստանին, հարավից` Իրանին, արեւելքից` Ադրբեջանին, արեւմուտքից` Թուրքիային: Ներկայիս Հայաստանի Հանրապետության տարածքը կազմում է 29800 քառակուսի կմ եւ գտնվում է ծովի մակարդակից միջինը 1800 մ բարձրության վրա: Ամենաբարձր կետն այստեղ Արագած լեռն է (4090մ), իսկ ամենացածրը` Դեբետ գետի կիրճը (400մ): Մայրաքաղաքը Երեւանն է: Ըստ 2003թ. անցկացրած մարդահամարի տվյալների բնակչության թիվը կազմում է 3,2 միլիոն, որից 1,1-ը ապրում է Երեւանում:
Դրոշը:
Հայաստանի Հանրապետության դրոշը եռագույն է՝ վերևից ներքև կարմիր, կապույտ, նարնջագույն հորիզոնական հավասար շերտերով։ Կարմիր գույնը խորհրդանշում է Հայկական բարձրավանդակը, հայ ժողովրդի մշտական պայքարը հարատևման, քրիստոնեական հավատքի, Հայաստանի անկախության և ազատության համար։ Կապույտ գույնը խորհրդանշում է հայ ժողովրդի ապրելու կամքը խաղաղ երկնքի ներքո։ Նարնջագույնը խորհրդանշում է հայ ժողովրդի արարչական տաղանդը և աշխատասիրությունը։
Զինանշանը:
Հայաստանի Հանրապետության զինանշանը Հայաստանի Հանրապետության պետական խորհրդանշաններից է։ Հայաստանի Հանրապետության զինանշանն է՝ կենտրոնում՝ վահանի վրա պատկերված են Արարատ լեռը՝ Նոյյան տապանով և պատմական Հայաստանի թագավորություններից չորսի՝ վերևից ձախ՝ Բագրատունիների, վերևից աջ՝ Արշակունիների, ներքևից ձախ՝ Արտաշիսյանների, ներքևից աջ՝ Ռուբինյանների զինանշանները։ Վահանը պահում են արծիվը (ձախից) և առյուծը (աջից), իսկ վահանից ներքև պատկերված են սուր, ճյուղ, հասկերի խուրձ, շղթա և ժապավեն։ Հայաստանի Հանրապետության զինանշանի հիմնական գույնն է ոսկեգույնը, պատմական Հայաստանի թագավորություններինը՝ վերևից ձախ՝ կարմիր, վերևից աջ՝ կապույտ, ներքևից ձախ՝ կապույտ, ներքևից աջ՝ կարմիր և կենտրոնում՝ վահանի վրա պատկերված Արարատ լեռը՝ նարնջագույն։ Նշված գույները խորհրդանշում են Հայաստանի Հանրապետության դրոշի գույները։
Օրհներգը: ՀՀ օրհներգը «Մեր հայրենիքն» է: Տեքստի հեղինակն է Միքայել Նալբանդյանը, երաժշտությունը՝ Բարսեղ Կանաչյանի:
«Մեր հայրենիք»
Մեր Հայրենիք, ազատ անկախ,
Որ ապրել է դարե դար
Իր որդիքը արդ կանչում են
Ազատ, անկախ Հայաստան։
Ահա եղբայր քեզ մի դրոշ,
Զոր իմ ձեռքով գործեցի
Գիշերները ես քուն չեղա,
Արտասուքով լվացի։
Նայիր նրան երեք գույնով,
Նվիրական մեկ նշան
Թող փողփողի թշնամու դեմ
Թող միշտ պանծա Հայաստան։
Ամենայն տեղ մահը մի է
Մարդ մի անգամ պի՛տ մեռնի,
Բայց երանի՝ որ յուր ազգի
Ազատության կզոհվի:
Նախագահը: Հանրապետության Նախագահը պետության գլուխն է: Նախագահն ընտրվում է յոթամյա ժամկետով և չի կարող վերընտրվել։ Նա իրականացնում է ներկայացուցչական գործառույթներ։ 2022թ.-ի մարտի 13-ին Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի կողմից նախագահ է ընտրվել Վահագն Խաչատուրյանը:
Օրենսդիր իշխանությունը: Հայաստանում բարձրագույն օրենսդիր մարմինը միապալատ Ազգային Ժողովն է: Ազգային Ժողովն ընտրվում է համաժողովրդական ընտրությունների միջոցով՝ 5 տարի ժամկետով:
Գործադիր իշխանությունը: Հանրապետության Վարչապետը հանդիսանում է կառավարության գլուխը և ավագ նախարարը։ Վարչապետը նշանակվում է Հայաստանի նախագահի կողմից՝ Ազգային Ժողովի քվեարկության հիման վրա։ 2018թ.-ի մայիսի 8-ից ՀՀ գործող վարչապետն է Նիկոլ Փաշինյանը։
Հայաստանը գտնվում է Հարավային Կովկասում` հյուսիսից սահմանակից է Վրաստանին, հարավից՝ Իրանին, հյուսիս-արևելքից և հարավ-արևմուտքից՝ Ադրբեջանին, արևմուտքից՝ Թուրքիային:
Հայաստանի Հանրապետության տարածքը կազմում է 29 800 քառ. կմ, գտնվում է ծովի մակարդակից միջինը 1800 մ բարձրության վրա: Ամենաբարձր կետն Արագած լեռն է (4090 մ), իսկ ամենացածրը՝ Դեբեդ գետի կիրճը (400 մ):
Հայաստանի մայրաքաղաքը Երևանն է:
Ըստ 2019 թ-ի անցկացրած մարդահամարի տվյալների՝ բնակչության թիվը կազմում է 3 միլիոն, որից 1.1 միլիոնը բնակվում է Երևանում:
Հայաստանյան կլիման չոր արևադարձային է: Տարվա մեջ գերիշխում են հիմնականում արևաշատ օրերը (ավելի քան 300 օր՝ 1 տարվա ընթացքում): Այստեղ շոգ ամառներ են, ջերմաստիճանը տատանվում է +22C-ից +36C-ի միջև: Ձմեռները հիմնականում ցուրտ են՝ միջինը -15C-ից մինչև -1C:
Բոլոր նրանց համար, ովքեր հետաքրքրված են լեռնադահուկային սպորտով և այլ ձմեռային մարզաձևերով, Հայաստանը ճիշտ ընտրություն է: Հայաստան այցելելու լավագույն սեզոնը համարվում է գարունը կամ աշունը, քանի որ այդ ժամանակ եղանակը մեղմ է, իսկ բնությունը՝ ոգեշնչող: Մինչդեռ, այն մարդկանց համար, որոնք գերադասում են արևը և տաք եղանակը, Հայաստանը կատարյալ է ամռան ընթացքում:
Ամենօրյա եղանակային կանխատեսումներին կարելի է ծանոթանալ հետևյալ ինտերնետային կայքում:
Հայաստանի բանկային համակարգը ձևավորված է 17 առևտրային բանկերով, որոնց գործունեությունը վերահսկում է Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկը: Երևանում բանկերն աշխատանքային օրերին բաց են հիմնականում ժամը 09:00-10:00-ից մինչև 16:00-17:00-ն, որոշ բանկեր աշխատում են նաև շաբաթ օրերին կես օրով: Ավելի մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարող եք այցելել ՀՀ Կենտրոնական Բանկի պաշտոնական կայք : Կանխիկացման կետեր (բանկոմատներ) կան Երևանի բոլոր կենտրոնական փողոցներում:
Հայկական դրամական միավորը կոչվում է «դրամ» (կոդը՝ AMD): Այն շրջանառության մեջ է դրվել 1993թ.-ից: Կան 1 000, 2 000, 5 000, 10 000, 20 000,
50 000, 100 000 արժեքների թղթադրամներ, ինչպես նաև 10, 20, 50, 100, 200, 500 արժողությամբ մետաղադրամներ: Տարադրամ կարելի է փոխանակել քաղաքում գտնվող բոլոր բանկերում և փոխանակման կետերում:
Բոլոր տարադրամների ճշգրիտ փոխարժեքներին կարող եք ծանոթանալ՝ այցելելով ՀՀ Կենտրոնական Բանկի պաշտոնական կայք:
Հայաստանում կենցաղում օգտագործվող էլեկտրականությունը 220 Վ, 50 Հց է, ինչպես գրեթե ողջ Եվրոպայում: Վարդակների ստանդարտն է CEE՝ հիմնականում առանց հողանցման: Տարբեր երկրների ստանդարտների փոխարկիչներ կարելի է գնել Երևանի գրեթե բոլոր խանութներում, որտեղ վաճառվում են կենցաղային սարքավորումներ և էլեկտրոնիկա:
Հայաստանն ունի երկու հիմնական օդանավակայան՝ գլխավորը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանն է, որը գտնվում է Երևանի կենտրոնից ~12 կմ հեռավորության վրա, իսկ երկրորդը՝ Գյումրիի «Շիրակ» օդանավակայանն է: Աշխարհի ավելի քան 40 քաղաքներից իրականացվում են ուղիղ թռիչքներ դեպի Երևան և հակառակը, այդ թվում՝ Մոսկվա, Սանկտ Պետերբուրգ, Նովոսիբիրսկ, Փարիզ, Վիեննա, Հռոմ, Միլան, Վարշավա, Աթենք, Բեյրութ, Թեհրան, Դուբայ, Շարժա, Դոհա, Շարմ էլ Շեյխ, Ֆրանկֆուրտ, Թել Ավիվ, Աբու Դաբի, Լառնակա, Բրյուսել, Լիոն, Վենետիկ, Ակտաու, Վիլնյուս, Եկատերինբուրգ, Մինսկ, Սամարա, Ուֆա, Սոչի, Միներալնիե Վոդի, Թբիլիսի, Քիշնև, Ստամբուլ, Նիժնի Նովգորոդ, Վոլգոգրադ, Կազան, Չելյաբինսկ, Տյումեն և այլն:
Հայաստանում տոնվում են թե աշխարհիկ, և թե եկեղեցական տոներ: Խանութներն ու ռեստորանները հիմնականում աշխատում են նաև տոն օրերին:
Ոչ աշխատանքային են հետևյալ տոնական օրերը՝
Ծննդյան տոներ և Ամանոր՝ (դեկտեմբերի 31-ից մինչև հունվարի 3-ը),
Բանակի օր՝ հունվարի 28,
Կանանց միջազգային տոն՝ մարտի 8,
Աշխատանքի օր՝ մայիսի 1,
Հաղթանակի և խաղաղության տոն՝ մայիսի 9,
Հանրապետության տոն՝ մայիսի 28,
Սահմանադրության օր՝ հուլիսի 5,
Անկախության տոն՝ սեպտեմբերի 21:
Ոչ աշխատանքային է նաև ապրիլի 24-ը՝ Հայոց մեծ եղեռնի զոհերի հիշատակի օրը:
Պետական լեզուն հայերենն է, որը հանդիսանում է հնդեվրոպական լեզվաընտանիքի առանձին ճյուղ: Հայերենի այբուբենն արմատապես տարբերվում է մյուս լեզուների այբուբեններից: Պետական շենքերն ու հասարակական վայրերը հիմնականում ունեն նաև լատինատառ ցուցատախտակներ: Հայերենից բացի լայն կիրառություն ունեն նաև ռուսերենն ու անգլերենը:
Հայկական ավանդական խոհանոցն ունի ճաշատեսակների մեծ բազմազանություն: Թարմ բանջարեղենն ու միսն ամենասիրելի կերակուրների ցանկում են: Հայկական որևէ տոնակատարության սեղան անհնար է պատկերացնել առանց խորովածի, քյուֆթայի, հարիսայի, սպասի, դոլմայի, խաշլամայի կամ ղափամայի: Ճաշկերույթը նախատեսում է մեծ ծիսակատարություն՝ սկսած պատրաստման ընթացքից մինչև սեղանի շուրջ անցկացրած վերջին վայրկյանը: Երևանի բազմաթիվ ռեստորաններ առաջարկում են տեղական ուտեստների յուրահատուկ ընտրանի: Կարելի է ճաշակել նաև համաշխարհային ճանաչում ձեռք բերած տարբեր խոհանոցների ուտեստներ: Երևանի ռեստորանների, սրճարանների և ժամանցի վայրերի մասին մանրամասն տեղեկություններ կարելի է ստանալ՝ այցելելով Հյուր Սերվիսի պաշտոնական կայք :
Հայաստանում փոստատներն աշխատում են ամեն օր՝ հիմնականում ժամը 09:00-17:30, բացի կիրակի օրերից, իսկ շաբաթ օրերին՝ կես օր՝ 09:00-15:00 կամ 10:00-16:00: Գլխավոր փոստատներից մեկը գտնվում է Հանրապետության Հրապարակում՝ Կառավարության շենքի դիմաց:
Գործում են տրանսպորտի հետևյալ տեսակները՝
Մետրո: Երևանյան մետրոն ունի քաղաքի հյուսիսից-հարավ ձգվող մի երթուղի՝ 10 կայարաններով: Երթևեկության վարձը 100 դրամ է 1 ուղղության համար:
Ավտոբուս: Ավտոբուսները երթևեկում են գլխավոր ուղղություններով, վարձը՝ 100 դրամ է 1 ուղղության համար:
Միկրոավտոբուս: 12-15 տեղանոց միկրոավտոբուսները երթևեկում են գրեթե բոլոր ուղղություններով, վարձը 100 դրամ է 1 ուղղության համար:
Տաքսի: Կան տաքսի ծառայության շատ գրասենյակներ, որոնք պատվերն ընդունում են հեռախոսով՝ առաջարկելով հարմարավետ ավտոմեքենաներ: Գինը 1 կմ-ի դիմաց ~100 դրամ է (նվազագույն ուղեվարձը՝ ~600 դրամ): Փողոցների խաչմերուկներում և մարդաշատ վայրերում նույնպես կարելի է գտնել տաքսիներ: Բացի այդ, կան հատուկ բջջային հավելվածներ, օրինակ «GG տաքսի», «Յանդեքս տաքսի», «Յու տաքսի» և այլն (հասանելի Android-ի և iOS-ի համար), որոնց միջոցով հնարավոր է տաքսի պատվիրել:
Հայաստանում պետական կրոնը քրիստոնեությունն է, որն ընդունվել է 301թ.-ին: Քրիստոնեությունն այստեղ ունի բավականին խոր ու ամուր արմատներ: Հայաստանում բնակվող հայերի գերիշխող մեծամասնությունը պատկանում է Հայ Առաքելական Եկեղեցուն: Եկեղեցու գլուխ կանգնած է Ամենայն Հայոց Կաթողիկոսը, որի նստավայրը գտնվում է Էջմիածնում:
Հայաստանի միջքաղաքային հեռախոսային կոդը 374 է, իսկ Երևանինը՝ 10, 11, 12, 60:
Հայաստանից արտերկիր կարելի է զանգահարել՝ հավաքելով 00, երկրի կոդը, քաղաքի կոդը և հեռախոսահամարը:
Հայաստանի գրեթե ողջ տարածքում գործում են 3 բջջային օպերատորներ՝ «Բիլայն», «Վիվա Սելլ», «Յուքոմ», որոնց քարտերը կարելի է ձեռք բերել «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից, այդ օպերատորների գրասենյակներից կամ մեծ խանութներից՝ ներկայացնելով անձնագրի պատճենը: Քարտերը ապահովում են 3G/4G կապ և գերարագ ինտերնետ: Բջջային հեռախոսից Երևանի քաղաքային ցանցի հեռախոսահամարներին զանգահարելիս պետք է հավաքել 0, քաղաքի կոդը, այնուհետև հեռախոսահամարը:
Գրինվիչի ժամանակ՝ +4 ժամ (GMT+4): 2012թ-ից Հայաստանում ամառային և ձմեռային ժամանակների անցում չի կատարվում:
Հայաստան մուտքի իրավունք (վիզա) տրամադրում է տվյալ երկրում (կամ նրան մոտ) գտնվող Հայաստանի Հանրապետության ներկայացուցչությունը: Վիզայի կարիք չունեն ԱՊՀ երկրների, ԵՄ պետությունների, ինչպես նաև Շենգենյան դրույթները կիրառող պետությունների քաղաքացիները: Մի շարք երկրների քաղաքացիներ վիզա կարող են ստանալ Հայաստան ժամանելուց անմիջապես հետո՝ սահմանային անցակետերում: Սովորաբար այդ գործընթացը տևում է ~20-25 րոպե:
Այն պետությունների քաղաքացիները, որոնց համար սահմանված է ՀՀ ժամանելու առանց մուտքի վիզայի ռեժիմ, ՀՀ տարածքում կարող են մնալ առավելագույնը 180 օր ժամկետով՝ մեկ տարվա ընթացքում, եթե ՀՀ միջազգային պայմանագրերով այլ ժամկետ սահմանված չէ:
Վիզայի ժամկետը լրանալիս անհրաժեշտ է երկարաձգել այն Անձնագրային և վիզաների վարչությունում (Երևան, Դավթաշեն, 4-րդ թաղամաս, 17/10 շենք): Ժամկետանց վիզայի դեպքում քաղաքացին ենթարկվում է տույժի:
Վիզա կարելի է ստանալ նաև նախքան ժամանումը՝ էլեկտրոնային տարբերակով դիմելով ՀՀ Արտաքին Գործերի Նախարարություն:
Վիզաների տրամադրման վերաբերյալ ավելի մանրամասն տեղեկություններ կարելի է ստանալ ՀՀ Արտաքին Գործերի Նախարարության ինտերնետային կայքում :
Հայաստանում դեսպանությունների և հյուպատոսությունների ցանկը ներկայացված է ՀՀ Արտաքին Գործերի Նախարարության պաշտոնական կայքում:
Ամեն տարի Հայաստանում անցկացվում են տարատեսակ փառատոններ՝ նվիրված ազգային խորհրդանիշներին, արտադրատեսակներին, ինչպես նաև մթերքին: Փառատոններին մասնակցելը հիանալի հնարավորություն է ծանոթանալու հետաքրքիր ավանդույթներին, համտեսելու ազգային ուտեստներ և պարզապես վայելելու բոլորովին նոր և աշխույժ մթնոլորտ: Փառատոնները հետաքրքիր են և տպավորիչ, ուղեկցվում են երգերով, պարերով ու երաժշտությամբ: Փառատոնների մասին մանրամասն տեղեկություններ ստանալու, ինչպես նաև դրանց մասնակցության պայմաններին ծանոթանալու համար կարող եք այցելել Հյուր Սերվիսի պաշտոնական կայք :